Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգ է ստեղծված վիճակով և կողմերին երկխոսության կոչ է անում

Նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգ է ստեղծված վիճակով և կողմերին երկխոսության կոչ է անում
19.04.2018 | 20:47

Նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգություն է հայտնել վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կողմերին հրավիրում է երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»: «Վերջին օրերին մեր հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին: Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը և ինժեները, քաղաքական գործիչը և պետական պաշտոնյան, և, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի:


Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Հայաստանի խորհրդարանը և նրա մեծամասնության ձևավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու և հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար: Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը:


Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար: Այդ առումով կիսում եմ իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական- քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները և ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով: Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն և պատասխանատվություն: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»` ասել է Արմեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ